Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սոցիալիզմի հետքը արևելաեվրոպական երկրների վրա

Սոցիալիզմի հետքը արևելաեվրոպական երկրների վրա
28.10.2012 | 13:30

Վերջերս զուտ զբոսաշրջության նպատակով եվրոպական ուղևորությանս ընթացքում ակամայից ծնված այս ակնարկը յուրովի հայացք է արևելաեվրոպական երկրների վրա սոցիալիզմի թողած հետքին, և մտորումների ու զուգահեռներ անցկացնելու առիթ է տվել:


Երկրորդ աշխարհամարտը նշանավորվեց ոչ միայն նացիզմի դեմ տարած հաղթանակով, անհամար մարդկային զոհերով (տարբեր հաշվարկներով` 60 մլն-ից ավելի), դրանում ընդգրկված պետությունների աննախադեպ քանակով, այլև այն իրողությամբ, որ Հին աշխարհի մի հատվածում` արևելյան մասում, ձևավորվեց որակապես այլ, «ներմուծված» տնտեսական-քաղաքական կացութաձև, և այդ հատվածը պայմանականորեն ստացավ «սոցճամբար» անվանումը: Կես դարից էլ քիչ տևած այդ իրավիճակն իր խոր կնիքը թողեց այդ երկրների տնտեսության և մշակույթի վրա, և անգամ զբոսաշրջիկի անհոգ աչքով նկատելի են դրա հետևանքները: Հասկանում ես, թե որոշ երկրների վրա ինչ ծանր կնիք է թողել այն նույն «սոցիալական երաշխիքներ ապահովող համակարգը», որը միևնույն ժամանակ մեզանում շատերի մեջ արդեն ինչքան ժամանակ է (փաստացի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո) խորհրդային-սոցիալիստական «նոստալջի» է առաջացրել: Արդարության առջև չմեղանչելով ընդունենք, որ որոշ խիստ վերապահումներով սոցիալիզմի դարաշրջանին կարելի է վերագրել մեր մի շարք ձեռքբերումներ, որոնք, ճիշտ է, կոմունիստական քարոզ վարողների բերաններում դեմագոգիայի ու շահարկման առարկա են դարձել, սակայն, թեկուզև վիճահարույց, այնուամենայնիվ կարող են որպես փաստարկ ծառայել:
Իսկ հիմա ավելի խորքային ծանոթանանք սոցիալիզմի մյուս «երեսի» հետ:

Երբ Վիեննայից ուղևորվում ես Պրահա, հենց վերջինիս ավտոկայանում հասկանում ես, որ հայտնվել ես կարգով ավելի ցածր երկրում (ի վերջո, մայրաքաղաքը երկրի յուրովի այցեքարտն է, լակմուսի թուղթը և նրանով կարելի է երկրի գնահատականը տալ): Եվ դա այն դեպքում, որ Ավստո-հունգարական կայսրությունում` էթնոսների և մշակույթների այդ բացառիկ համադրությունում Չեխիան ավանդաբար հանդիսացել է արդյունաբերապես ամենազարգացած երկիրը. պատահական չէ, որ այն անվանում էին «վարպետների երկիր»: Այդ միտումը շարունակվեց կայսրության փլուզումից հետո, երբ Առաջին աշխարհամարտից հետո` 1918-ին անկախացած Չեխոսլովակիան Կենտրոնական Եվրոպայի արդյունաբերական զինանոցն էր, և պատահական չէ, որ Հիտլերը 1930-ականների վերջին իր համար մեկ նպատակ համարում էր հենց այս երկրի զավթումը, ինչը տեղի ունենալուց հետո նրա համար գրեթե անխոչնդոտ ճանապարհ բացվեց դեպի Արևելաեվրոպական տարածաշրջան:
Պրահան, որքան էլ արիստոկրատիզմով զիջի Վիեննային (ի վերջո Վիեննան կայսերական մայրաքաղաք է եղել), այնուամենայնիվ, համապատասխանում է այն պատկերացումներին, որ ունենում ես մինչև այցելությունը: Պրահան չքնաղ է, հեքիաթային, պատահական չէ, որ 1992-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ քաղաքի հին կենտրոնը (զբոսաշրջիկներին քաջ հայտնի Ստարո Մեստան) ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգություն:
Սակայն այդ հեքիաթային քաղաքից սոցիալիզմի հոտ է գալիս. ամենուր կարելի է հանդիպել միջնադարյան հրաշագեղ շինության և ստալինյան-խրուշչովյան դարաշրջանի գորշության ճչացող հակադրության:
Կարելի է ասել, որ Պրահան հիշեցնում է չափազանց գեղեցիկ տիկնիկ, որը պատրաստելիս, սակայն, տեխնիկական դեֆեկտ են թույլ տվել:
Վիեննայի համեմատ Պրահայում շատ են նաև տնտեսական վայրիվերումների արդյունքում սոցիալական հակադիր բևեռներում հայտնված խավերը` բոմժեր, մուրացկաններ, որոնք, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն համադրվում աչք շոյող վայրերի հետ: Ի վերջո, սոցիալական խիստ բևեռացումը առավել հատկանշական է տնտեսական ցնցումներ տարած երկրներին (իսկ սոցիալիզմից վայրի կապիտալիզմ անցումից էլ լավ ցնցո՞ւմ), և հեռու չգնալով ասենք, որ մեր Հայաստանն էլ իր ներկայիս վիճակով այդ երևույթի վառ օրինակ է:
Կա նաև առավել կարևոր` հարցի քաղաքական ասպեկտը, որի հանդեպ սոցիալիստական Չեխոսլովակիան (հիշեցման կարգով` Չեխիան և Սլովակիան անջատվեցին իրարից 1992-ին, ընդ որում, անարյուն և առանց կրակոցի, ինչով փորձեցին օրինակ ծառայել ողջ աշխարհին, ափսոս միայն, որ այդ օրինակին գրեթե ոչ ոք չհետևեց) իր անհատական վերաբերմունքն ունի: Չեխերն ավանդաբար իրենց 41-ամյա սոցիալիզմի ժամանակաշրջանում (1948-1989 թթ.) ընդգծված մտավորական այլախոհություն ունեին: Հիշենք թեկուզ գրող-հրապարակախոս Վացլավ Հավելին, ով այդ տարիներին անգամ հասցրեց հայտնվել «ճաղերից այն կողմ», սակայն դրանով հանդերձ` 1989-ին ընտրվեց Չեխոսլովակիայի, իսկ հետո էլ` 1992-ին, անկախ Չեխիայի Հանրապետության նախագահ:
Այս միտման կիզակետը դարձավ 1968-ի գարնանը սկիզբ առած «Պրահյան գարուն» շարժումը, որի նախաձեռնողը չեխ ականավոր պետական գործիչ Ալեքսանդր Դուբչեկն էր, որը ցանկանում էր իր երկրում մարդկային դեմքով սոցիալիզմ կառուցել: Ստացվում է, թե իր «բնօրինակում» սոցիալիզմն այսպես թե այնպես անմարդկայի՞ն է։
Եթե անգամ այս զարգացումներում, ինչպես և 1956 թ. տեղի ունեցած գրեթե նմանատիպ հունգարական դեպքերում (որոնց մենք հաջորդիվ կանդրադառնանք) առկա էր Արևմուտքի և հատկապես Արևմտյան Գերմանիայի սադրանք-միջամտությունը (թե Չեխոսլովակիան, թե՛ Հունգարիան պատմականորեն յուրատեսակ ֆորպոստ են եղել Գերմանիայի համար, և վերջինս էլ չէր ուզում նրանց խորհրդային արբանյակի կարգավիճակում տեսնել), այնուամենայնիվ, «կրեմլյան մամլիչն» իրենց ուսերից թոթափելու ձգտումն ինքնաբուխ էր, ժողովրդի ոգուց ելնող:
Որքան էլ պրահյան գարունը մնաց չիրականացած, ամիսներ անց` նույն տարվա օգսոտոսին, դաժանաբար ճզմվելով խորհրդային տանկերի թրթուրների տակ, Դուբչեկը որպես ականավոր պետական գործիչ չմատնվեց մոռացության և 1989-ին` հայտնի թավշե հեղափոխությունից հետո (իրադարձություն, որ կարող էր լավագույն օրինակ դառնալ ողջ աշխարհի համար, սակայն գործնականում չդարձավ այդպիսին, քանի որ աշխարհի տերերը քաղաքականության մեջ թավշին նախընտրություն չեն տալիս), մինչև 1992-ը գլխավորեց երկրի նորաստեղծ խորհրդարանը:
Այսպիսով, չեխերին ժամանակին չհաջողվեց սոցիալիզմին մարդկային կերպարանք տալ, փոխարենը տարիներ անց նրանք հրաժարվեցին դրանից թավշե հեղափոխությամբ:
Պատահական չէ, որ Պրահայում սոցիալիզմի քաղաքական ասպեկտը լայնորեն ներկայացված է: Այստեղ բազմաթիվ մշակութային լուրջ արժեք ներկայացնող թանգարանների կողքին կարելի է հանդիպել կոմունիզմի թանգարանի (որի լոգոն ռուսական մատրյոշկան է` յուրատեսակ կծու ակնարկ ռուսներին), ԿԳԲ-ի թանգարանի, իսկ Վլտավայի ձախափնյա բլուրներից մեկի վրա կանգնած է այս հուշահամալիրը (նկարում` վահանակի վրա գրված է. «Նվիրվում է կոմունիզմի բոլոր զոհերի հիշատակին` ոչ միայն նրանց, ովքեր ֆիզիկապես ոչնչացվեցին, այլև ում կյանքը խեղվեց այդ վարչակարգի կողմից»), դեպի անտառը հեռացող խեղված մարմինների շարքով:
Այսպիսով, անգամ «թավշե հեղափոխություն» իրականացնելու ունակ չեխերն այսօր, ուզեն թե չուզեն, իրենց ուսերին կրում են սոցիալիզմի թողած ծանր բեռը, որի հետքերը նկատելի են ամենուր, անգամ ամենաանկողմնակալ ու անհոգ զբոսաշրջիկի աչքերով հեքիաթային Պրահան վայելելիս:


Լևոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 30099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ